Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պետական գերակա շահը և ուսանողական պոլիկլինիկան

Պետական գերակա շահը և ուսանողական պոլիկլինիկան
20.06.2008 | 00:00

ՀՀ կառավարության որոշմամբ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկին ուսանողական պոլիկլինիկա) ներկայիս տարածքը ճանաչվել է օտարման գոտի։
Տերյան 129 հասցեում գտնվող պոլիկլինիկայի` վարձակալությամբ տրամադրված 1029 քմ մակերեսով հողամասը կարող է օտարվել։ Դեռևս պարզ չէ, թե երբ և ուր է տեղափոխվելու ուսանողական պոլիկլինիկան։ Նշենք, սակայն, որ այն իրականացնում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի և արտերկրի մոտ 60 հազար ուսանողների և 50 հազար մարզիկների բուժսպասարկումը, բացի այդ, պարտադիր բուժքննություն է իրականացնում պետական գրեթե բոլոր բուհերի առաջին կուրսեցիների շրջանում։ Ըստ բուժզննության արդյունքների որոշվում է տվյալ ուսանողի ֆիզիկական ծանրաբեռնվածության թույլատրելի աստիճանը, որի հիման վրա ուսանողները ֆիզկուլտուրա առարկայի շրջանակներում բաժանվում են տարբեր խմբերի։ Պոլիկլինիկան իրականացնում է նաև պրոֆիլակտիկ զննումներ` հիվանդությունները կանխարգելելու նպատակով։ Պետական բուհերի ուսանողներն այստեղ սպասարկվում են անվճար, իսկ առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն պահանջող ծառայությունների համար սահմանված է որոշակի գումար։ Վճարովի է նաև արտասահմանցի ուսանողների սպասարկումը։
Երևանի կենտրոնում գտնվող բուհերի տարածքում պոլիկլինիկայի ներկայիս դիրքը միանգամայն հարմար է ուսանողների համար։ Սակայն բոլորովին զարմանալի չի թվա, եթե «պետության համար բացառիկ գերակա շահը» նշված տարածքը համալրի սրճարաններով կամ որևէ էլիտար կառույցով, իսկ պոլիկլինիկան տեղափոխվի ծայրամաս` բուհերից բավականին հեռու, ինչը ձեռնտու չի լինի ուսանողներին և կխափանի բուժհաստատության բնականոն աշխատանքը։
Սակայն «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Աննա Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը (ում ենթակայության տակ է գործում բուժհաստատությունը) գիտակցում է պոլիկլինիկայի կարևորությունը և խոստացել է, որ այն կտեղափոխվի կենտրոնական որևէ տարածք և շատ ավելի բարվոք գույքով կապահովվի։ Տիկին Հովհաննիսյանը չի բացառում, որ ապագայում իրենց ծառայություններից սկսեն օգտվել նաև ոչ պետական բուհերի ուսանողները։ Նա վստահում է առողջապահության նախարարության հավաստիացումներին։ «Մեր նախարարն ինչ խոստանում է, կատարում է»,- համոզված է պոլիկլինիկայի տնօրենը։
Նշենք, որ ուսանողների շրջանում անցկացված հետազոտություններն այնքան էլ մխիթարական չեն։ Նրանց շրջանում շատ են տարածված ողնաշարի կամ հարթաթաթության խնդիրները։ Պատճառը, անշուշտ, նախկինում դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի հանդեպ ցուցաբերվող անտարբերությունն է։ Անչափ տարածված են նաև նյարդաբանական փոփոխությունները։ Երիտասարդ սերունդը շատ ավելի դյուրագրգիռ է դարձել, նրա մոտ նկատվում են անգամ ուռուցքային հիվանդություններ։ Դրանք սոսկ ժառանգականության հետևանք չեն, այլ ոչ հեռավոր անցյալի դժվարությունների` էլեկտրաէներգիայի բացակայության, թերսնման, սթրեսների, որոնք խաթարեցին մի ողջ սերնդի առողջությունը։

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 11664

Մեկնաբանություններ